Search
Close this search box.

Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը Արցախում դիրքավորվում են

Արցախում սահմանադրական փոփոխությունների և հնարավոր նոր ընտրությունների ֆոնին սրվում է պայքարը տարբեր` հին ու նոր, քաղաքական ճամբարների միջև:

Վերջերս ԱՀ քաղաքական դաշտում մեծ ակտիվություն է ցուցաբերում ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի թիմը: Սահակյանը հաճախակի հանդիպում և իշխանության գալու քննարկումներ է ունենում Արցախի ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ: Այս ֆոնին գիտակցելով կարևորությունը՝պայքար է մղվում նաև վարչական լծակների ձեռք բերման համար:

Օրերս Արցախի Գերագույն դատարանը «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում վերականգնել է Սերժ Սարգսյանի քենու որդուն՝ Մհեր Ասրյանին, որին աշխատանքից ազատել էր ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը:

Սերժ Սարգսյանի բարեկամին պաշտոնում վերականգնելու «օպերացիան» ղեկավարել է Մարատ Մուսայելյանը՝ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարը, որը մինչև 2007 թվականը ՀՀ ԱԱԾ աշխատակազմի ղեկավարն է եղել: Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը նախկինում աշխատել է ԱՀ նախագահի աշխատակազմում և համարվում է Մուսայելյանի կադրը:
Հայկ Խանումյանը, ով նախարար նշանակվելուց հետո սոցցանցերում ակտիվություն չէր ցուցաբերում, օրերս մի «թունոտ» գրառում է արել դատարանի որոշման մասին՝ դատարանի անդամներին մեղադրելով կողմնակալության և «իրենց դատավորի պաշտոնում առաջարկած գործիչների թելադրանքով» գործելու համար:

Միաժամանակ Խանումյանը տեղեկացրել է, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ում խոշոր չարաշահումների վերաբերյալ քրեական գործով Արցախի քննչական կոմիտեն ու դատախազությունը անգործության են մատնված:
Ստեփանակերտի մեր աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի բարեկամը նախկինում աշխատել է Արցախի «գյուղհիմնադրամում» և այնտեղից ևս ազատվել՝ ֆինանսական չարաշահումների համար:

Կարելի է նկատել, որ Բակո Սահակյանի թիմն Արցախում անցնում է հարձակման և որոշակի հաջողություններ է գրանցում: Այսպիսով Արցախում իր դիրքերն է ամրապնդում նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Բակո Սահակյան-Սերժ Սարգսյան համագործակցությունն բավականին հին և արմատավորված պատմություն ունի: Չարաշահումների և անպատիժ թալանչիների քաղաքական թիմը Արցախը թալանելու նոր ծրագիր է մշակում: Այս հանգամանքներից ելնելով Հայկ Խանումյանը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ կատարել դատարանի որոշումը և Սերժ Սարգսյանի բարեկամին նշանակել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին:

Երկու դեպքում էլ Խանումյանը պարտված կողմ է:

Please enter a valid URL