Search
Close this search box.

«Վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար». Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի լիազորություններն այսօր ավարտվում են, իրեն չի տեսնում պետական համակարգում գործունեություն ծավալելիս։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ կայացած ամփոփիչ ասուլիսում։

«Ես իրականացնելու եմ հանրային գործունեություն։ Եվ ես շատ վատ լուր ունեմ Ադրբեջանի իշխանությունների համար, ես գիտեմ, որ նրանք հետևում են և եթե իրենց պատվիրակները դեռ այստեղ են, թող իշխանություններին փոխանցեն, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը չի դադարեցնում իր հանրային գործունեությունը, հատկապես Ադրբեջանի խախտումների մասով։ Շարունակելու են նրանց պատերազմական հանցանքները վեր հանել։ Այս առումով շատ ուրախանալու տեղ չունեն»,-ասաց նա։

Թաթոյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում չի կարող իրեն այնքան ճոխություն թույլ տալ ու անտեսել Հայաստանի և Արցախի ժողովրդի իրավունքները, բացի այդ ուրախացնել Ադրբեջանին ու հրաժարվել հանրային գործունեությունից։

ՀՀ ՄԻՊ–ն ընդգծեց, որ իր հետագա աշխատանքը ներառելու է մարդու իրավունքների պաշտպանությունը։ Միաժամանակ նա հավելեց, որ քաղաքական ուժերից համագործակցության առաջարկներ չի ստացել, իսկ ստանալու դեպքում կհրաժարվի։

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջարկներ ստացա, բայց այնքան կտրուկ մերժեցի, որ կարծում եմ՝ փոխանցեցին նաև մյուս գործընկերներին։ Ես հարգում եմ բոլորին, բայց իմ աշխատանքը լինելու է հանրային»,- եզրափակեց Թաթոյանը։

Please enter a valid URL