Search
Close this search box.

ԱՄՆ-ն նոր հայտարարություն տարածեց․ ինչ սպասել առաջիկա օրերին

Դոնբասի ճանաչման կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բայդենը մերժել է Պուտինի հետ հանդիպումը, քանի որ «Պուտինը սկսել է Ուկրաինա ներխուժումը», եւ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք արդեն շոշափում են ՌԴ կենսական ոլորտները` բանկային համակարգ, պետական պարտքի սպասարկում, Հյուսիսային հոսք 2 գազատար։ Մոսկվայի արձագանքներից նկատելի է որոշակի շփոթվածություն պատժամիջոցների հարցում, քանի որ սպասում էին ավելի մեղմ սահմանափակումներ։ Բայդենը հայտարարել է, որ այս պատժամիջոցները միայն սկիզբն են։

Բացի այդ, Սպիտակ տունը հայտարարել է Դոնբասում «կանաչ մարդուկների» առկայության մասին։ Դրանք ոչ զինվորական հագուստով, երբեմն՝ ուկրաինական բանակի հագուստով ռուսական հատուկ խմբեր են, որոնք իրականացնում են ահաբեկչական ակտեր եւ հրահրում ռազմական բախումներ, որոնք վերագրվում են ուկրաինական կողմին։ Սպիտակ տունը նկատի ունի, որ Պուտինն այդպիսով Ուկրաինայի դեմ լայնածավալ նոր գրոհի պատրվակ է ստեղծում՝ նոր տարածքներ գրավելու համար։ Դոնբասի ճանաչումից հետո ՌԴ պետական մեդիան Դոնբասում ահաբեկչական ակտերի, դիվերսիաների տեղեկատվական ալիք է սկսել։

Դատելով Պուտինի՝ ՌԴ ԱԽ-ում եւ Դոնբասի ճանաչման կապակցությամբ ելույթներից, Կրեմլի վարչակարգը մտադիր չէ կանգ առնել Դոնբասի ճանաչմամբ։ Ճանաչման ակտը ինչ որ առումով ձեռնտու է Կիեւին, քանի որ ազատում է Կիեւին Մինսկի ստրկական համաձայնությունների կատարման պարտավորություններից։ Մոսկվային Դոնբասը պետք էր որպես Ուկրաինայի կազմում ուկրաինական սահմանադրությամբ ամրագրված՝ վետոյի իրավունքով օժտված ինքնավարություն, որի միջոցով Մոսկվան կարող էր վերահսկել Ուկրաինայի ներքին ու արտաքին քաղաքականությունը։

Դոնբասի ճանաչումը նոր բան չի «պակասեցնում» Ուկրաինայից, փոխարենը Մոսկվան զրկվում է այդ հեռանկարից, գումարած՝ պատժամիջոցների խստացումը, որոնք արդեն շոշափում են կենսական ոլորտները։ Իր հերթին, կանգ առնելը նշանակում է Պուտինի անձնական պարտությունը, ինչը թերեւս այս դրամայում գլխավորն է․ նա չափից ավելի է բարձրացրել նշաձողը։ Ըստ այդմ, խիստ հավանական է համարվում Ռուսաստանի լայնածավալ հարձակումն Ուկրաինայի դեմ, առաջին փուլում՝ Դոնբասի այսպես կոչված խորհրդային սահմանները վերականգնելու եւ Ուկրաինան Ազովի ծովից կտրելու ուղղությամբ։
lragir.am

Please enter a valid URL