Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին ու Ինտերպոլին՝ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումը դադարեցնելու նպատակով։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Բոլոր նմանատիպ իրավիճակներում դատախազության կողմից արվում են ճշտումներ, համապատասխան խողովակներով և նախաձեռնում են նաև դրանից բխող կոնկրետ գործողություններ միջազգային հետախուզումների հետ կապված՝ Ինտերպոլի, ԱՊՀ-ի խողովակով Ադրբեջանի հնարավոր հարցումների և դրանից բխող հարցումների, միջնորդությունների հետագա, կասեցնելու ուղղությամբ», — նշեց Աբրահամյանը։
Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն էր երեկ հայտարարել, որ «Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։ Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանին ու Սարգսյանին մեղադրում են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի օրենքները ոտնահարելու, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար։