Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ:
Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ևս Ձեզ եմ հղում իմ անկեղծ և ջերմագին շնորհավորանքները: Մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների այս ոչ երկար ժամանակահատվածում մեզ հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն: Մենք հետամուտ ենք Ճապոնիայի հետ առավել ամուր հարաբերությունների կառուցմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը:
Լիահույս ենք, որ համավարակային իրավիճակը թույլ կտա հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշել տարբեր մշակութային միջոցառումների անցկացմամբ, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցերով: Այս կապակցությամբ, համոզված լինելով, որ նման այցերը նոր խթան կարող են հանդիսանալ մեր հարաբերությունների համապարփակ ընդլայնման համար, սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: