Search
Close this search box.

Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է

Արձագանքելով այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորգրված հռչակագրին՝ ըստ որի նշված պետությունների միջև հարաբերություններն այլեւս անցնում են դաշնակցային մակարդակի, արձանագրենք հետեւյալը.
1. Գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ աղետաբեր իշխանազավթումը, շարունակվում են։

2. Այդ իշխանազավթման արդյունքում հետևողականորեն խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։

3. 2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային:

4. Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում։

5. Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի իր դիրքերը և այս դավադիր կառավարիչների նպատակային գործողություններով բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։

6. Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է։

7. Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։

8.Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է։

9. Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները։
ՀՀԿ Գործադիր մարմին

Please enter a valid URL