Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիեւը դաժան իրավիճակում է հայտնվել։ Ռուսաստանը ճանաչեց Դոնբասի անկախությունը, վաղը առավոտյան Դուման ռատիֆիկացնելու է Դոնբասի անկախությունը, Եվրոպան ու ԱՄՆ-ն արդեն քննարկում են Ռուսաստանի դեմ սանկցիաներն ու մեկուսացումը, իսկ Ալիեւը նույն օրը պետք է ստորագրի «դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը»։
Պարզ է, որ Ալիեւը չգիտեր, թե ինչ է կատարվելու այդ օրը, իսկ Պուտինը գիտեր ու հենց այդ օրն է դա կազմակերպել։
Ալիեւը կամ պետք է չեղարկի հանդիպումը (համապատասխան հետեւանքներով հանդերձ), կամ, ըստ էության, իր այցով ողջունի Դոնբասի անկախությունն, իսկ Արցախում ռուսական բազա է տեղակայված։
Գնալու դեպքում դա գուցե իր կյանքում կրած ամենամեծ նվաստացումն է լինելու»,- գրել է քաղաքագետը։
Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 22-ին Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի: