Այսօր լուր տարածվեց, որ Ադրբեջանը հետախուզում է ՀՀ նախկին նախագահներ Քոչարյան Ռոբերտին և Սարգսյան Սերժին: Ընդ որում, լուրը տարածվեց Ալիևի և Պուտինի հանդիպման նախօրեին:
Լսելով լուրը, միանգամից հիշեցի հակադարձ հոգեբանության տեսությունը, որի շրջանակներում իրականացված գործողությունն առաջացնում է հակազդեցություն:
Քննարկվող դեպքում, Ադրբեջանի՝ ՀՀ երկու նախկին նախագահների նկատմամբ հետախուզումը, ըստ հակադարձ հոգեբանության տեսության, պետք է հակազդեցություն առաջացնի: Ենթադրաբար՝ հակազդեցությունը կարող է արտահայտվել Քոչարյան Ռոբերտի և Սարգսյան Սերժի շուրջ հայ հասարակության համախմբմամբ, հետագայում վերջիններիս առաջնորդությամբ իշխանափոխության հեռանկարով:
Չեմ պնդում, սակայն Պուտինի հետ հանդիպման նախօրեին իրականացված նմանօրինակ գործողությունը կարող էր նաև համաձայնեցված լինել վերջինիս հետ:
Ինչևէ: Կարծում եմ, որ Հայաստանի ապագան որոշող շախմատային խաղը շուտով կավարտվի: Վերջնախաղը սկսվել է:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան