Կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
«Կողմերն ընդգծել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների , այդ թվում՝ Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնմանն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների շուտափույթ մեկնարկին ուղղված քայլերի հետեւողական իրագործման կարեւորությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, երկարաժամկետ խաղաղության եւ համագործակցության հաստատմանը վերաբերող հարցերի։
Հաշվի առնելով, որ ապրիլին նշվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան։ Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։