ՀՀ և ԱՀ քաղաքացիների, այդ թվում` ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումներն ապօրինի են ու չունեն որևէ իրավական հիմք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ադրբեջանական կողմի այսօրվա հայտարարությունը, ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Երբ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ սկսվեցին քրեական հետապնդումների հարուցման ու հետախուզումների մասին հայտարարություններ արվել, մենք ինչպես առաջ, հիմա էլ նշում ենք և մնում այն կարծիքին, որ դրանք ապօրինի են, որևէ իրավական հիմք չունեն ու հիմնված են Ադրբեջանի կողմից վարվող այն թշնամական ու ազգային ատելության վրա, որով նաև պայմանավորված է տեղի ունեցած վերջին պատերազմը»,– ասաց Աբրահամյանը։
Դատախազի խորհրդականը նաև հայտնեց, որ Հայաստանը պատրաստվում է այս հարցով դիմել միջազգային կառույցներին ու Ինտերպոլին` հետախուզումը դադարեցնելու խնդրանքով, այնպես, ինչպես դա արվել է նախկինում Ադրբեջանի հայտարարած այլ հետախուզումների պարագայում։
«Դատախազությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիների նկատմամբ հարուցված հետախուզումներն ու դրանց վերաբերող հարցումները միջազգային այդ խողովակներով որևէ ընթացք չստանան»,– հայտնեց Աբրահամյանը։