Shamshayn.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 14:20-ի սահմաններում, Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Կապանի բնակիչ, 56-ամյա Սուրեն Հարությունյանի վարած «Nissan March» մակնիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր է ժամանել Արցախի Հանրապետության Քաշաթաղի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել «Nissan March»-ի ուղևոր, Կապանի բնակիչ, 47-ամյա Գոհար Սարգսյանին, ով բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո «միջին ծանրություն» ախտանիշով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև «Mercedes»-ի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 79-ամյա Վալենա Օհանյանը: Փաստի առթիվ Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:
Կայքի տեղեկություններով՝ «Mercedes»-ը հաշվառված է ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում, և սպասարկում է Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով նույնպես վթարի պահին եղել է ավտոմեքենայում, և ստացել է թեթև մարմնական վնասվածքներ ու այս պահին տեղափոխվում է Երևան՝ բժշկական կենտրոններից մեկում հետազոտման: