Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ ծառայությունը ի զորու է ապահովելու իր առջև դրված պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը` ի դեմս հանրապետության նախագահի։
ԱՀ ԱԱԾ-ն արձագանքել է Ադրբեջանի Հանրապետության դատախազության կողմից ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու մասին տարածած հաղորդագրությանը և դրանով պայմանավորված հասարակության շրջանում առաջացած մտահոգությունը։
«ԱՀ ԱԱԾ-ն ի զորու է ապահովելու իր առջև դրված ինչպես պետական պաշտոնատար անձանց անվտանգությունը՝ ի դեմս հանրապետույթյան նախագահի, այնպես էլ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելած անձանց անվտանգությունը` իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Հավելենք, որ Հայաստանի և Արցախի օմբուդսմանները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կրկին փաստեր ներկայացնելով, որ հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների համար։