ՀՀ ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնել փետրվարի 20-ին, ժամը 20-ի սահմաններում Աբովյան քաղաքում տեղի ունեցած սարսափելի վթարից։
Պարզվում է` վթարի զոհ են դարձել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները (Ա. Պ․, ծնված 1982 թ., Վ․ Պ․, ծնված 2005 թ., Գ․ Պ․, ծնված 1957 թ., Մ․ Գ․, ծնված 1988 թ.):
«Փրկարարները «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Պ.-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 20-ին` ժամը 20:03-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Տեղում պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վ. Կ.), «BMW X5» (վարորդ՝ Ս. Դ., ծնված 1969 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները: