Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Դոնեցկի տարածքում դիվերսիոն խումբ են արգելափակել, որը նախատեսում էր պայթեցնել էլեկտրակայանները, գազատարներն ու ֆիլտրող կայանները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության հայտարարությունը։
Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության տվյալներով՝ կիրակի առավոտյան ուկրաինացիները կրկին կրակ են բացել Դոնբասում։
Մասնավորապես, Դոնեցկի քիմիական արտադրանքի գործարանի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 արկ է արձակել, իսկ Սպարտակ ավանի ուղղությամբ՝ 12։ Բոլոր արկերը 120 միլիմետր տրամաչափի են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։
Մինչ այդ, ներկայացուցչությունում հավելել են, որ կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ, արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:
ԴԺՀ-ի զինկոմիսարիատները աշխատանքի են անցել ուժեղացված ռեժիմով: Ժողովրդական միլիցիայի տեղեկատվության համաձայն՝ այս պահին քաղաքացիների հսկայական ներհոսք է նկատվում զինկոմիսարիատներ։
Ավելի քան 40 հազար փախստական է Դոնբասից ժամանել Ռուսաստան
Իր հերթին ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ ուկրաինացի ուժայինները փորձել են հարձակվել Ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 20-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում 79-րդ դեսանտագրոհային բրիգադի զինյալները Պիոներսկոյե բնակավայրի շրջանում փորձել են հարձակվել ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա՝ Սևերսկի Դոնեց գետն անցնելով: Մարտական գործողությունների արդյունքում ԶՈՒ ստորաբաժանումները կորուստներ են կրել և նահանջել:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ զինված ուժերի գործողությունների արդյունքում ոչնչացվել է հինգ բնակելի տուն, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
Տեղի օպերատորը ԼԺՀ-ի բնակիչներին նախազգուշացրել է բջջային կապի և ինտերնետի հնարավոր խափանումների մասին: Առայժմ կապն աշխատում է։