Եթե կա որեւէ մեկը, որը պատասխանատու է (կամ, եթե ուզում եք՝ մեղավոր է) այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյանի նման, մեղմ ասած, ոչ միանշանակ համբավ ունեցող նախկին ղեկավարը դարձավ քաղաքական դեմք, ընդդիմադիր խմբակցության «առաջնորդ» եւ առայսօր շարունակում է մնալ ասպարեզում, ապա դա, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է:
2018 թվականին «մերժում էին Սերժին», ոչ թե Քոչարյանին, եւ մակերեսային տրամաբանության տեսանկյունից, կարծես թե առանձնապես իմաստ չուներ իշխանության գալուց հետո ընդլայնել «մերժման» շրջանակները: Չգիտեմ, թե որ «պայծառ ուղեղն» է խորհուրդ տվել վարչապետին հետապնդում սկսել «սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով», բայց դա լավ առիթ դարձավ նախկին նախագահին «շրջանառության մեջ դնելու»: Որ Քոչարյանը պատասխանատվություն է կրում մարտի 1-ի սպանդի համար՝ դա, իմ կարծիքով, ակնհայտ է:
Բայց գործ հարուցել ա՛յդ հոդվածով եւ քննությունն ու դատավարությունը վարել ա՛յդ եղանակով… այստեղ կարելի է տեսնել կա՛մ անփութություն եւ անգրագիտություն, կա՛մ էլ՝ հեռու գնացող հաշվարկ: Անցած շաբաթ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ դատավարություն:
Այս անգամ նա Արմեն Գեւորգյանի հետ միասին մեղադրվում է նրանում, որ ժամանակին միջնորդավորված ձեւով կաշառք է ստացել հանքարդյունաբերական ընկերությանը շահագործման արտոնագիր տալու համար: Ըստ մեղադրանքի, այդ ընկերության սեփականատեր Սիլվա Համբարձումյանը 3 միլիոն դոլար է տվել գործարար Սամվել Մայրապետյանին, որն էլ այդ գումարը փոխանցել է Քոչարյանին: Չգիտեմ, այդպիսի բան եղել է, թե ոչ, բայց չեմ նախանձում այն դատախազությանը, որը նման մեղադրանքը պաշտպանում է եւ այն դատարանին, որը գուցե ստիպված լինի այդ մեղադրանքը հաստատել:
aravot.am