Search
Close this search box.

ԱԳՆ-ն տեղեկացնում է

Փետրվարի 19-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները գոհունակություն են հայտնել երկու ժողովուրդների միջև պատմական կապերի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների դրական դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով որակական նոր մակարդակի հասցնելու հայ-իրանական համագործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով փորձագետների՝ 6-րդ հանդիպման կազմակերպման նպատակով միասնական ջանքերի ներդրումը։

Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Ընդգծվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Please enter a valid URL