Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը Հյուսիս-Հարավ նախագիծը, ըստ էության, վերաորակել է որպես Հյուսիս-Հարավ-Արևմուտք-Արևելք, կամ այլ կերպ՝ Հայկական խաչմերուկ։ Սա նշանակում է, որ Հյուսիս-Հարավը Հայաստանից կապ կապահովի Իրան, իսկ Արևմուտք-Արևելքը՝ Ադրբեջանից Հայաստանով, ապագայում՝ Նախիջևան և Թուրքիա, ասել է նա։
«Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Ըստ էության, չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել ենք, առաջիկայում հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի», – ասել է նա:
Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը պետք է դառնա Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մի մասը, Հայաստանի համար բացառիկ հնարավորություն է պաշտպանելու իր ինքնիշխանությունը և դառնալու ռազմավարական կարևոր կապող օղակ Արևելքի ու Արևմուտքի միջև։ Այս նախագիծը թյուրքական միջանցքի հետ կապելը պարզապես քաղաքական այլասերություն չէ, այլ պետական շահի հանձնում։ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ եթե Բաքուն ստորագրի ինչ-որ փաստաթուղթ, թյուրքական միջանցքն անմիջապես կբացվի, և Հյուսիս-Հարավը դրանից հետո կախված կլինի «Մեղրիի միջանցքի», որը Փաշինյանը անվանում է «Արևմուտք-Արևելք» ճանապարհ, ապագա տերերի քմահաճույքից։
lragir.am