Search
Close this search box.

Արցախի ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը

Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնեԼ Է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Քիչ առաջ Ազգային ժողովն ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքը, որի մշակման աշխատանքները դեռևս ամիսներ առաջ մեկնարկել էին կառավարությունում: Մենք քաջ գիտակցում ենք, որ ունենք սահմանափակ իրավական մեխանիզմներ ՝ օրենքում նշված գործառույթներն իրականացնելու և նպատակներին հասնելու համար, սակայն պարտավոր ենք առավելագույնս օգտագործել առկա իրավական և քաղաքական մեխանիզմներն այդ ուղղությամբ։ Արցախի Հանրապետության տարածքները պետք է դեօկուպացվեն, և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց տները»,- գրել է Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարան այսօր հրավիրված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Please enter a valid URL