ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանում անցկացվելիք նիստերի և դրանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության մասին։
Ես համոզված եմ, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում հայաստանյան պատվիրակության անդամները բարձրաձայնելու են մեզ համար կարևոր մյուս հարցերը, այն է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հումանիտար հարցերի դեռևս լուծված չլինելը, ներառյալ` գերիների հարցը, Լեռնային Ղարաբաղ հումանիտար կազմակերպությունների մուտքի հարցը, 44-օրյա պատերազմը, դրա դատապարտելիությունը, հետևանքները ևն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։
Երևանում փետրվարի 21-22 տեղի է ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստեր։ Հանձնաժողովները չորսն են. քաղաքական, տնտեսական, էներգետիկ, սոցիալական։ Մարիա Կարապետյանը նշեց, որ այս անգամ օրակարգում ներառված են յուրաքանչյուր հանձնաժողովում ապագայում քվեարկության դրվելիք փաստաթղթերի նախագծերը։
Առհասարակ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը չունի հակամարտությունների, անվտանգային օրակարգ։ Վեհաժողովն առավելապես Եվրոպական միության և ԵՄ Արևելյան հարևանության, այսինքն` Մոլդովայի, Ուկրաինայի, իր մասնակցությունը սառեցրած Բելառուսի, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք երկրների` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության մասին է։
Այսինքն, այս հարթակում հիմնական խոսակցության թեման Հայաստանի պարագայում, ըստ խորհրդարանական վեհաժողովի կանոնադրական նպատակների, ԵՄ հետ ունեցած մեր համաձայնագիրն է, ԵՄ մեզ տրամադրած 2.6 մլրդ աջակցությունն է և այլն»,–ասաց Կարապետյանը։
Մարիա Կարապետյանը նշեց, որ սա, իհարկե, չի նշանակում, որ խորհրդարանականները սահմանափակվում են իրենց խոսքում, հետևաբար խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, ըստ Կարապետյանի, հայկական պատվիրակության անդամները կխոսեն նաև մեզ համար կարևոր հարցերից, այն է`Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հումանիտար հարցերի դեռևս լուծված չլինելու, ներառյալ` գերիների, Լեռնային Ղարաբաղ հումանիտար կազմակերպությունների մուտքի, 44-օրյա պատերազմի, դրա դատապարտելիության, հետևանքների և այլ հարցերի մասին։
Հարցին` հնարավոր են արդյոք վերոնշյալ հարցերի շուրջ ինչ–որ որոշումներ, թե դրանք միայն լինելու են քննարկումներ, Կարապետյանը պատասխանեց, որ դրանք պարզապես քննարկումներ են լինելու.
«Սա խորհրդարանական վեհաժողով է, խորհրդարանականներն ընդունում են ազգային խորհրդարաններում օրենքներ, խորհրդարանական վեհաժողովներում միջազգային խորհրդարանական հարթակներում բանաձևեր։ Այս անգամ չկա բանաձև «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ԼՂՀ հակամարտության վերաբերյալ։
Այստեղ յուրաքանչյուր երկիր խոսում է իր համաձայնագրի, իր պայմանագրի, իր` ԵՄ–ից ստացած աջակցության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուտների կայացման վերաբերյալ։ Պարզապես, քանի որ սա նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակ է, տեղի է ունենում նաև քննարկում մեզ հուզող այլ հարցերի վերաբերյալ, այսինքն`պատգամավորներն ընտրություն են կատարում այդ մասին խոսել»,–ասաց Կարապետյանը։
Խոսելով ադրբեջանական պատվիրակության Երևան գալու մասին, Կարապետյանն ասաց, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել գալու և մասնակցելու Երևանում կայանալիք հանձնաժողովների և բյուրոյի նիստին, սակայն նա չի կարող երաշխավորել, որ ադրբեջանցիներն անպայման գալու են.
««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի անդամ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիոն կարգով հյուրընկալում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի միջոցառումները, և այս անգամ հերթը Երևանինն է։ Այժմ ընթանում են պլանավորման գործընթացները բոլոր պատվիրակությունների մասով։ Ճշտվում են, թե քանի պատգամավոր որ երկրից կգա ևն, այսինքն, կազմակերպչական աշխատանքներ են տարվում բոլոր պատվիրակությունների, այդ թվում` ադրբեջանական պատվիրակության Հայաստան ժամանելու շուրջ»,–մանրամասնեց հայկական պատվիրակության ղեկավարը։
Կարապետյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունները միջազգային հարթակներում երբեմն համարում են Լեռնային Ղարաբաղի հարցը փակված և նախընտրում են չանդրադառնալ հակամարտության հարցին, ու այս պարագայում հայկական կողմի խնդիրն է պրոակտիվ ձևով մեր օրակարգերը ներկայացնելը.
Մենք ասում ենք` հակամարտությունը լուծված չէ, բայց մենք հանձնառություն ունենք մեր ժողովրդից Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղության, խաղաղ զարգացման դարաշրջան բացելու, հետևաբար միջազգային հանրության աջակցությանը դիմում ենք հակամարտությունը վերջնական կարգավորման տանելու և խնդիրները լուծելու համար։ Այսինքն մենք պրոակտիվ ձևով պետք է մեր օրակարգը ներկայացնենք»,–շեշտեց Կարապետյանը։
Ըստ Կարապետյանի`այդ օրակարգում շատ կարևոր հանգամանքներ են ԼՂՀ հակամարտության հիմնախնդրի հետ համեմատած ավելի փոքր ու առանձին լուծելի խնդիրների շուրջ խոսելը, ինչպիսիք են սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը։
Վերջում, խոսելով խորհրդարանական վեհաժողովին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությունից և դրա շրջանակներում նրանց հետ համագործակցությունից, ՔՊ պատգամավոր Կարապետյանը նշեց, որ դեռ կսպասի տեսնելու` այդ համագործակցությունը լինում է, թե ոչ, որովհետև նրանց մասնակցությունը դեռ բավարար չի համարում։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում անցկացվելու են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը։ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հիմնվել է 2003 թվականին Եվրոպական հանձնաժողովի կողմից` որպես Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս։