Վերջերս Արցախի նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սարգսյանի հետ։
«Մենք 4 հոգով հանդիպել ենք, քննարկել ենք ԼՂ հարցը։ 12 ժամ նման քննարկում ենք ունեցել, սակայն անձնական հարցեր չենք քննարկել։ Քննարկել ենք` ինչ կարելի է անել, ինչ լուծումներ գտնել։ Բոլորս մտահոգված ենք»,–ասաց Քոչարյանը։
Բացի այդ, Քոչարյանը նշեց, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն էլ իրենց հերթին համագործակցում են ԱԺ–ում. իհարկե, կան հարցեր, որտեղ տարբեր հայացքներ ունեն։ ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` չնայած բոլոր հակասություների, նախկինից կուտակված խնդիրների, պետք է ի վիճակի լինել պայմանավորվել կարևոր խնդիրների շուրջ։
Քոչարյանը հավելում է` հատուկ, ամենօրյա շփումներ չունի Սերժ Սարգսյանի հետ, սակայն եթե կան հարցեր, կարող են զանգել և խոսել իրար հետ։