«Այն ապրանքները, որոնք մեր ընտանիքում ամենօրյա օգտագործման ապրանքներ են, սարսափելի թանկ են այսօր՝ կարտոֆիլը, կաղամբը և այլն: Միսը ամեն օր չես էլ կարողանում ուտել, դա հնարավոր էլ չի, եթե ասենք մսի գները շատ չեն փոխվել, բայց կարտոֆիլի և մնացած ապրանքների գները փոխվել են, ու դա էապես ազդում է շատ ընտանիքների բյուջեի վրա: Յուրաքանչյուր ընտանիք պետք է նախ ինքը իր միջոցների շրջանակում մի քիչ վերադասավորի ֆինանսական ռեսուրսների ծախսումը: Ես չեմ կարող ասել, թե որ ապրանքներից օգտվեն, որպեսզի ավելի նպատակահարմար լինի, ամեն ընտանիք պետք է նեղություն քաշի և ինքը իր համար որոշի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Հասկացա՞ք։ Եթե ոչ, ապա ասենք, որ Աղազարյանն առաջարկում է «նեղություն քաշել» և վերանայել մեր սննդակարգը։ Եթե կարտոֆիլի, կաղամբի, գազարի, բազուկի գները բարձրացել են, ապա նեղվելու կարիք չկա, գոնե ժամանակավոր դրանք կարող ենք հանել մեր սննդակարգից։ ՔՊ-ական պատգամավորի խորհուրդն է՝ սնվելու ճկունություն ցուցաբերել և գտնել քաղցը հագեցնելու ավելի էժան տարբերակներ։ Կարտոֆիլից էլ էժան։
Ժամանակին, երբ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբն ասաց, թե գնաճը չի ազդում հասարակության առավել անապահով շերտերի վրա, որովհետև նրանք, միևնույնն է, կարտոֆիլ են ուտում և միս չեն ուտում, պատգամավորի նկատմամբ քննադատության մի այնպիսի ալիք բարձրացավ, որ վերջինս ստիպված էր մի քանի ամիս կորչել քաղաքական ասպարեզից։ Իսկ այսօր Աղազարյանը գրեթե նույն բանն է կրկնում, դեռ ավելին, ասում է՝ ինչի փող ունեք, դա էլ գնեք կերեք, հոգ չէ, որ այսօր արդեն կարտոֆիլի փող էլ չունեք։ Բայց սա աննկատ է մնում։ Նորմալ է՝ Աղազարյանը մականուն չունի։ Որ ունենար և լիներ, օրինակ, Թունելի Հովիկը, արձագանքը միանգամայն այլ կլիներ։
4RD .AM