Search
Close this search box.

Բայդենն ուղերձ է հղել Ուկրաինայի վերաբերյալ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 15-ի երեկոյան ուղերձ է հղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ։ Նրա ելույթը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը»։

ԱՄՆ առաջնորդն առաջին հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ինչպես Եվրոպայում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության, այնպես էլ Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիային վճռական պատասխանի։

Մասնավորապես, Սպիտակ տան ղեկավարը Վաշինգտոնի պատրաստակամությունն է հայտնել արձանագրել Մոսկվայի հետ անվտանգության վերաբերյալ գրավոր պայմանավորվածությունները դրանց հասնելու դեպքում: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի տեղակայել և չի տեղակայելու իր հրթիռներն Ուկրաինայում, ուստի Ռուսաստանին ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն սպառնալիք չեն ներկայացնում:

Բայդենը ողջունել է ուկրաինական սահմանից զորքերի դուրսբերման մասին ՌԴ-ի հայտարարությունները, սակայն նշել է, որ այժմ այդ տեղեկատվության հաստատում չկա: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Ուկրաինայի սահմանի երկայնքով գտնվում են շուրջ 150 հազար ռուս զինվորներ:

Ընդ որում, ԱՄՆ-ի ղեկավարը նախազգուշացրել է Ռուսաստանին, որ եթե ՌԴ-ն որոշի հարձակվել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վրա, նրա դեմ անմիջապես հզոր պատժամիջոցներ կսահմանեն արտահանման վերահսկողության ւ ֆինանսների ոլորտում, իսկ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը կդադարեցվի:

«Արևմուտքը միասնական է», – ասել է Բայդենը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ներխուժման դեպքում ԱՄՆ-ն Ուկրաինա չի ուղարկի իր զինվորականներին, սակայն եթե ԱՄՆ-ի քաղաքացիներն Ուկրաինայում տուժեն, Վաշինգտոնը կոշտ պատասխան կտա:

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռ ընտրություն ունեն։ Ընտրել դիվանագիտական ուղին, այլ ոչ թե պատերազմի ուղին»,- ամփոփել է Միացյալ Նահանգների նախագահը:

Հիշեցնենք, որ Բայդենը դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է Ուկրաինա ներխուժումը սկսել փետրվարի 16-ին: Կրեմլն այս տեղեկատվությունը հերքել է և մեղադրել Արևմուտքին Եվրոպայում լարվածության սրման աննախադեպ արշավի մեջ:

Միևնույն ժամանակ, այսօր ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Արևմտյան և Հարավային ռազմական օկրուգների ստորաբաժանումները զորավարժություններից սկսում են վերադառնալ բազավորման կետեր: Սակայն այդ տվյալների հաստատում դեռ չկա։

Please enter a valid URL