Այսօր էլ ադրբեջանցիները սպառնացել են դաշտում աշխատողներին, ասել են՝ գնացեք ձեր տները, որ նորից գաք, բոլորիդ խփելու ենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Խրամորթի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը:
«Բանվորները գնացել են դաշտ, որ աշխատեն, ադրբեջանցիները սպառնալով վռնդել են նրանց: Գյուղացիները եկել-նստել են տները»,- ասաց համայնքապետը՝ նշելով, որ ադրբեջանական դիրքերը դաշտից հեռու են ընդամենը 100 մետր, բնակիչները վախենում են:
Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչած երեկվա կրակոցներին՝ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այն մի քանի րոպե է տվել. «Ադրբեջանցիները կրակել են տրակտորի վրա և ծակել անվադողը. դաշտում աշխատողները այն նորոգել են և նորից շարունակել իրենց գործը: Հետո տեսնելով, որ ավելի վտանգավոր է դառնում, կարող է նորից կրակեն, գործը դադարեցրել են և վերադարձել գյուղ»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերջինս ընդգծեց, որ ադրբեջանցիները հաճախ են կրակում իրենց գյուղի ուղղությամբ. «Ամեն օր էլ տարբեր ուղղություններով կրակում են էլի մեր վրա »,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախի դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ փետրվարի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի հարևանությամբ ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել նույն համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը, իսկ քաղաքացիներին հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ:
ԱՀ ոստիկանության հաղորդմամբ՝ դեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու համար։