Search
Close this search box.

Հովհաննես Իգիթյանը դիմել է Փաշինյանին. նոր հավակնություններ ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետք է լրջորեն վերանայվի այդ պրակտիկան, երբ դեսպանների եւ հյուպատոսների պաշտոնին նշանակվում են կադրային դիվանագետ չհանդիսացող անձինք, եւ ես կարծում եմ, որ իսկապես դա կարեւոր է, որովհետեւ այդ կարգի նշանակումները նաեւ խոչընդոտում են Հայաստանի դիվանագիտական կորպուսի բնականոն զարգացմանը եւ, իհարկե, որոշակի խնդիրներ են առաջացնում Հայաստանի միջազգային հարաբերություններում»։ 2018 թվականի մայիսի 9-ին Ստեփանակերտում այս խոսքերն արտաբերած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա անում է նույնը` իր թիմի ոչ պրոֆեսիոնալ կադրերին նշանակելով դեսպաններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, որի հետեւանքով հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում: Բանն այն է, որ 2021 թվականի մարտի 15-ին դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել էր Մերձբալթյան երեք երկրներում դեսպան, սակայն մենք տեղեկացանք, որ դեռ մեկ տարի էլ չանցած՝ միայն հունիս ամսին իր հավատարմագրերը հանձնած դեսպանին Հայաստանը որոշել է հետ կանչել: Իսկ ինչո՞ւ. որովհետեւ քաղաքական իշխանությունը նախկին պատգամավորին «գործի տեղավորելու» խնդիր ունի։ Դեսպանի պաշտոնում նրան պետք Է փոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ժողովուրդ» օրաթերթն այս ուշագրավ իրավիճակի առնչությամբ մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ, որտեղից մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը՝ հայտարարելով՝ «ՀՀ դեսպանների նշանակման եւ հետկանչի մասին ԱԳՆ-ն պատշաճ կերպով ու ժամկետներում հանրությանը տեղյակ է պահում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL