Երեկ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն էր 2012 թվականից ի վեր։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն:
Ինչպես լրատվամիջոցին ասել է սեյսմոլոգ, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իլյա Զուրաբ Ջավախիշվիլին՝ մոտ ապագայում նման ուժեղ երկրաշարժի կրկնության հավանականությունը քիչ հավանական է։
«Դա տեղի է ունենում, բայց չափազանց հազվադեպ: Սովորական սցենարի համաձայն՝ սկզբում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, ապա դրան հետևում են թույլ երկրաշարժերի շարքը, այսպես կոչված, հետցնցումները…»,- պարզաբանել է Ջավախիշվիլին:
Հիշեցնենք, որ Հայաստան–Վրաստան սահմանային գոտում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Սույն թվականի փետրվարի 14-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: