Այսօր հրավիրած ասուլիսում «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն անդրադարձավ հարցին, թե որքանով են սեյսմակայուն Երևանի բարձրահարկ շենքերը։ Նրա խոսքով՝ Երևանի նորակառույցները 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմակայելու նորմերով են կառուցված։ Իսկ ԽՍՀՄ տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված էր, 9-10 բալի համար պետք է կառուցվեին շենքերը, բայց կառուցվում էին 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժերի համար։
«Հայաստանը բաժանված էր երկու գոտու՝ 7 և 8 բալի։ Խնդիրների մեծ մասը գալիս է այդտեղից։ Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմակայուն շինարարության նորմերը վերանայվեցին, այդ հարցը շտկվեց։ Ինչ վերաբերում է այսօր տեղի ունեցող կառուցապատմանը, մեր մասնագետները մասնակցում են նախագծային աշխատանքների վերլուծությանը։ Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ չեն կարող մեծ խախտումներ անել, որովհետև դա բերում է հետագա խնդիրներ։ 2020 թվականին մենք ունեցանք սեյսմակայուն շինարարության նոր նորմեր, այնտեղ կա նաև 10 բալ, նորմը հիմնված է այդ քարտեզի վրա։ Բայց շենքերի մեծ մասը, որոնք կառուցված են խորհրդային տարիներին, դեռ ունեն բարձր խոցելիություն։ Եվ մեր ծառայությունն իրականացնում է սեյսմիկ խոցելիության գնահատում, որի նպատակը սեյսմիկ ռիսկի նվազեցումն է»,- հավելեց մասնագետը։
Նրա խոսքով՝ Երևանը երկու կողմից ունի խզվածքներ՝ ձախ կողմում Երևանյան կոչվող խզվածքն է, աջ կողմից՝ Գառնիի մեծ խզվածքը։ «Եվ բոլոր հաշվարկներով՝ Երևանի խզվածքը համեմատաբար թույլ պոտենցիալով խզվածք է։ Նայած ինչ մագնիտուդով երկրաշարժ կլինի, աշխարհում շատ քիչ երկրներ կան, որ 7 մագնիտուդին կարող են դիմակայել։ Նույնիսկ եթե սովորական շենքերը դիմակայում են, շատ կարևոր օբյեկտներ չեն դիմակայում։ Այսօր ոչ միայն նորակառույցներն են շատացել, այլ նաև մասնավոր տներ են շատ սարքում, որոնք ավելի քիչ խոցելի են։ Այս իրավիճակը հաշվի առնելով, այո, կա խնդիրը, որը պետք է փորձենք լուծել։ Մենք բոլորս պետք է սովորենք, որ ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, երկարաշարժը մեկ անգամ չեղավ և վերջացավ։ Կարելի է կառուցել նաև երկնաքեր, եթե կատարվում է ճիշտ հաշվարկ և նորմատիվ դաշտը պատրաստ է դրան»,- նշեց Սոս Մարգարյանը։
Ըստ նրա՝ 1991 թվականին Գավառի մոտ տեղի ունեցավ 5,1 մագնիտուդով երկրաշարժ։ Եվ, այո, այս երկարաշարժը դառնում է Սպիտակից հետո ամենաուժեղ երկրաշարժը։ Բայց սա սովորական երկրաշարժ է, շատ բնորոշ, պարզապես քանի որ մագնիտուդը բարձր է, շատ մարդ զգացել ու վախեցել են, հավելեց մասնագետը։