Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանն այսօր հաղորդեց, որ «մրցութային հանձնաժողովն ամփոփել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները» եւ մրցութային միակ առաջարկ ներկայացնող ընկերությունը` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել։ Ընկերությունն առաջարկել է 5 մլրդ ՀՀ դրամ վճարել եւ առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ. ներդրումային ծրագիր իրականացնել։
Այսպիսով, արձանագրենք, որ բազմիցս աճուրդի դրված եւ չվաճառված հյուրանոցային համալիրը վերջապես վաճառվեց: Սակայն ով է գնորդը: Մենք փորձեցինք առաջին մակերեսային տեղեկությունները հայթայթել այս ընկերության մասին եւ որոնողական համակարգից պարզեցինք, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն գրանցված է Արարատի մարզում, Մասիս քաղաքում, ալյուր արտադրող եւ բեռնափոխադրումներ իրականացնող ՍՊԸ է: 2019 թվականի նոյեմբերի 14-ին կառավարության որոշմամբ արտոնություններ են տրամադրել` «ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել են ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ»։
Ընկերությունը նաեւ ազատվել է մաքսատուրքից։ Սակայն 2020 թ հոկտեմբերի 26-ին այս ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` «չկատարված հարկային պարտավո0ությունները գանձելու մասին»: Այսինքն, այդքան արտոնություններ ստանալուց հետո էլ նշված ընկերությունը չի կատարել իր հարկային պարտավորությունները: Հուսանք, որ այսօրվա գործարքի ժամանակ ստանձնած պարտավորությունները կատարելու է:
hraparak.am