Search
Close this search box.

Հայաստանում սովից մարդիկ են մահանում . ինչու են այդ փաստերը թաքցնում

«Արդեն որերոդ դեպքն է՝ Հայաստանում սովահարությունից մարդիկ են մահանում, ինչո՞ւ կամ ո՞ւմ հայեցողությամբ այդ դեպքերի մասին չի բարձրաձայնվում, — «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, խոսելով երկրում նկատվող ահագնացող գնաճի մասին և հավելում, — ամենավերջին պաշտոնական տվյալներով՝ 2021 թվականին երկրում աղքատության վերին շեմը գրանցել է 48-52 տոկոս ցուցանիշ, հանրապետության որոշ մարզերում այս թիվը նույնիսկ տատանվում է։ Ավելորդ է ասել, թե ինչի մասին է խոսում այս վիճակագրությունը»,- ասում է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին՝ նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում ապրանքներն և ծառայությունները միջինում թանկացել էին 7.2%-ով։ Ըստ խոշորացված ապրանքախմբերի, գնաճով առաջատարը՝ սնունդն էր։ Քաղաքացիները դժգոհում են, որ գումարը չի բավականացնում ծախսերին, Կառավարությունն ու Կենտրոնական Բանկն էլ պնդում են, թե բարձր գնաճը դրսից է «ներթափանցել»։ Արդեն 2022-ին ահագնացող գնաճի տեմպերը քաղաքացիներին ստիպում են վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը, պարտադրված գնել անորակ ապրանքը։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գնաճի պատճառների մասին խոսելիս առանձնացնում է տնտեսական մի քանի հանգամանք. «Մեր ազգաբնակչության համար առավել նկատելի է առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որովհետև գնաճ, ընդհանուր առմամբ, առկա է բացառապես բոլոր ոլորտներում, սակայն, մարդկանց մոտ առավել ցավալի կերպով ընկալվում է, հատկապես, սննդի թանկացման իրողությունը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների և, առհասարակ, բոլոր ապրանքների գներն, առաջին հերթին ձևավորվում են համաշխարհային շուկայում։ Իսկ ինչո՞ւ է հենց մեր երկրում դժգոհությունն այսքան մեծ, որովհետև, ինչպես արդեն ասացի՝ մենք աղքատության բարձր մակարդակի վրա գտնվող երկիր ենք։ Այսինքն, գրանցվող գնաճին զուգահեռ, մարդկանց եկամուտները ոչ թե աճում, այլ նվազում են այս երկրում։ Արդյունքում, սա կարող է նաև հասունացող սոցիալական բունտի պատճառ դառնալ երկրի ներսում։ Հետևաբար, որպես պետություն, այսպիսի իրավիճակում մենք պետք է ծայրաստիճան զգոնություն ցուցաբերենք, որովհետև,երբ որևէ երկրի ներում նման ծավալների գնաճ է գրանցվում և մարդիկ հանապազօրյա հացի խնդիր ունեն, պետությունը կարող է կանգնել անհաղթահարելի խնդիրների առաջ»։

Հարցին՝ կարո՞ղ էր արդյոք Հայաստանում վերջին գնաճն ավելի մեղմ ցուցանիշներ գրանցել, Թաթուլ Մանասերյանը պատասխանում է՝ անկասկած այո, բայց դա տեղի չի ունենում մի քանի պատճառներով.«Արդյո՞ք մեզ մոտ կախվածությունն արտաքին շուկայից բացարձակ բնույթ է կրում և դա անխուսափելի՞ է։ Որպեսզի այս հարցին կարողանանք պատասխանել, համապատասխան ուսումնասիրություններ պետք է կատարել։ Մեր գիտական խումբն արել է այդ լայնածավալ աշխատանքը և արդյունքում պարզվել է, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից 10 -ից՝ առնվազն 7-ի պարագայում գերազանցապես կամ լրիվ ինքնաբավ կարող ենք լինել, այդ թվում՝ հաց – հացամթերքը, կաթ – կաթնամթերքը, ձեթը, շաքարավազը և այլն։ Մինչդեռ հենց այս մթերքներ են, որ տեղական շուկայում գնաճ են արձանագրել, այն էլ՝ երկնիշ գնաճ», — նկատում է տնտեսագետը։

Թե ի՞նչը կարող է լինել սրա պատճառը, Թաթուլ Մանասերյանը պարզաբանում է՝ խնդիրը տնտեսության կառավարման ոլորտում է. «Որևէ մեկին անվանարկելու միտում կամ ցանկություն չունեմ, բայց գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Երբ տնտեսությունից հեռու անձնավորությունն իր քիթը մտցնում է դրա մեջ և նշանակվում է երկրի գլխավոր տնտեսագետ, ի՞նչ սպասենք այսպիսի նախարարից։ Մարդը տարրական, էլեմենտար տնտեսագիտական գիտելիքներ չունի։ Տնտեսությունն այս օրը գցելուց հետո, այդ մարդուն այլ բան չի մնում, քան արտառոց հայտարարություններ անել, իսկ արդյունքն այն է, որ Հայաստանում սովամահության դեպքեր են արձանագրվում, ինչպես արդեն ասեցի։ Սովահարությունից և սովից մարդիկ են մահանում, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանում»,- նշում է տնտեսագետը։

Please enter a valid URL