Search
Close this search box.

Էդ տղեն ընդհանրապես ի՞նչ գործ ունի էդ բանակում, էդ պաշտոնում․ դատված ու չգիտեմ ինչ անձնավորություն

ԱԱԾ-ն այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հայստանում  օտարերկրյա լրտեսական ցանց է բացահայտվել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և մարզային  ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև քննչական խմբում ընդգրկված քննիչների կատարած քննչական գործողությունների և զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են  զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց:

Ընդ որում, իրենց գործունեությունն անխոչընդոտ իրականացնելու և բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով լրտեսական գործունեություն իրականացրած անձինք սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով բացված կեղծ անհատական էջեր՝  հայուհիների  տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող  օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները  ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ՝ հնարավորություն ունենալով համացանցային ծանոթությունները վերածել մտերիմ հարաբերությունների, իսկ այնուհետ նաև՝ առաջարկել գումարի դիմաց համագործակցել իրենց հետ և տրամադրել ռազմական բնագավառին վերաբերող տեղեկություններ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերի տեղակայման վայրերի, անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների և այլնի վերաբերյալ:

Հիշյալ զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը և գումարի դիմաց բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին մաս-մաս փոխանցել են ծառայության բերումով  իրենց հասանելի դարձած կամ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների  պահանջով հավաքած ռազմական կամ այլ բնույթի տեղեկությունները, ի վնաս Հայաստանի Հանրապետության կատարել դավաճանական գործողություններ:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային նշեց. «Ճիշտն ասած ինֆորմացիան դեռ ինձ մոտ բացակայում է , դրա համար ճիշտ չի լինելի հստակ մասնագիտական կարծիք հայտնել։ Բայց դե այն , որ ամեն տեղ հիմա երկիրը բարդակ է, ուղղակի բարդակ, դա միանշանակ է։ Այսօր այս երկրում ով ինչ ուզում անում է, բա սա ի՞նչ է , որ արդեն սրա վրա զարմանանք։ Իսկ կոնկրետ թեմայի շուրջ կարող եմ ասել, որ ամեն բան հենց քննությունը պիտի ցույց տա, թե , ասենք, որտեղ անփութություն է եղել,  որտեղ թափթփվածություն է եղել, կարևոր է նաև հանգամանքը, թե անձը ի՞նչ կարգավիճակով է ինֆորմացիան ձեռքբերել, ի պաշտոնե՞, թե՞…։ Քննությունը նաեւ ցույց կտա, թե արդյոք նրանց ղեկավարությունը կարող էր դա կանխել, թե ոչ, այսինքն՝ հազար հարց կա այստեղ»։

«Ինչի միայն ՊՆ։ Բոլոր բնագավառներում է նույն վիճակը։ Մեր տնտեսությու՞նն է լավ վիճակում ,թե ինչն է լավ վիճակում։ Հանցագործությունները պարզապես խեղդում են՝ գողություններ, կրիմինալ, թմրամիջոցներ ու թմրանյութեր, դրանց շրջանառությունը և այլն։ Որը ասեմ ես, շատ են, շատ։ Բա սենց պիտի լիներ, բա ինչ պիտի լիներ։ Ի՞նչ Պապիկյանի թուլության մասին կարող է խոսք լինել, ինչ վերահսկողության մասին կարող է խոսք լինել։ Էդ տղեն ընդհանրապես ի՞նչ գործ ունի էդ պաշտոնում , որ մի հատ էլ քննարկենք նրա վերահսկողության աստիճանը։ Հարց եմ տալիս՝ այդ տղան այդտեղ ի՞նչ գործ ունի, դատված ու չգիտեմ ինչ անձնավորություն է։  Բանակը դրած քայքայում են»,- ասաց Համբարձումյանը։

hraparak.am

Please enter a valid URL