Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ 200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Սիսիանի ճանշինի թերի աշխատանքն է. նրանք չեն կատարել ճանապարհը ձյան շերտից և մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
Օպերատիվ են գործել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր փորձում են բահերով ճանապարհի վրայից մաքրել ձյունն ու մերկասառույցը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Մնում է՝ Սիսիանի ճանշինի պատասխանատուները մի քիչ սրտացավ մոտենան գործին և կատարեն իրենց աշխատանքը։