ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ստուգումներ է իրականացրել: Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալը՝ Կարեն Թորոսյանը, ձերբակալել են։
«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին միայն այն, որ ԱԱԾ-ն իսկապես ստուգումներ է իրականացրել հիմնարկում՝ չնշելով տնօրենի ու տեղակալի ձերբակալման մասին:
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենն ու տեղակալը ձերբակալվել են: Տնօրենը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման բաժնի նախկին պետ Արթուր Բաբայանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ ինքը հիմնարկում խախտումներ էր նկատել, դիմել Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչություն, հանդիպել ավագանու անդամներին եւ թաղապետներին, բարձրաձայնել խնդիրը: Դրանից հետո վերահսկողության եւ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգման գործողություններ էին սկսել աղբահանության հիմնարկում:
Ավելի վաղ Երեւանի նախկին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ գրառմամբ տեղեկացրել էր, որ Հայկ Մարությանի՝ սեպտեմբերի 9-ին տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունն ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: Ուսումնասիրության նյութերը հոկտեմբերի 29-ին փոխանցվել էին իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար:
Նշենք, որ «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մերձավորներից է: