2003 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված 58/4 բանաձևով ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ը հռչակել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Corruption):
Այս տարիների ընթացքում Հայաստանը վավերացրել է մի շարք կոնվենցիաներ, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին:
Ավելին՝ ս.թ. հունիսի 6-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը, համաձայն որի՝ այդ հանձնաժողովն օժտված է բացառիկ գործառույթներով ու լիազորություններով:
Ի՛նչ խոսք, իրավական գործիքակազմը, որն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարի համար, կազմ ու պատրաստ է, բայց խնդիրը դրանով, ինչպես ցույց է տալիս իրական կյանքը, չի լուծվում ու վերջ:
Կոռուպցիան (corruptio) լատիներեն բառ է, որը նշանակում է այլասերում, քայքայում, կաշառում, փչացում` բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում:
Ըստ Օքսֆորդի ընդարձակ բառարանի` կոռուպցիա նշանակում է «Պետական պարտականությունների կատարման ժամանակ կաշառքի և հովանավորչության միջոցով ամբողջականության ազնվության խեղաթյուրում և քայքայում»:
Իսկ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության սահմանմամբ՝ Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է` անձնական շահ ստանալու նպատակով»:
Ավելին՝ ՀՀ կառավարության կողմից 2015թ. ընդունված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվել է որպես «Անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:
Ինչպես տեսնում եք, հրաշալի ձևակերպումներ են, որոնք արտացոլում են կոռուպցիայի էությունն ու բովանդակությունը:
Այդուհանդերձ, հարցերի հարցը մնում է, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ այս ասպարեզում ԲԵԿՈՒՄ տեղի չի ունենում, երբ առերևույթ ու բացահայտ արտահայտվում է դրա դեմ պայքարի ցանկությունը և ստեղծվում դրա համար անհրաժեշտ գործիքակազմը…
… Խոսքի արժեքն է զրոյացել, բարձրաստիճան պաշտոնյաների խոսքն է դարձել գրոշի արժեք, և հասարակությունը չի հավատում այդ խոսքերին, արդյունքում՝ ստեղծված գործիքակազմը չաշխատելուց ժանգոտելու է և դառնալու անպիտան գործիք:
Գոնե իմ համոզմամբ խնդիրն ինչ-որ տեղ պետք է փնտրել նաև հասարակության ներսում:
Կոռումպացված հասարակության պայմաններում գրեթե անհնար է օգտագործել մի գործիք, որը քանդելու է կոռուպցիան, մանավանդ որ իշխանության սնուցման և գոյության հիմքում դրված է բացառապես կոռումպացված հասարակության գոյությունը:
Գրեթե վստահ եմ, որ եթե հասարակությունը զրկի իշխանությանը սնուցման այդ աղբյուրից, կոռուպցիայի դեմ պայքարը կդառնա իրական ու շոշափելի թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ կոռումպազերծ հասարակության պատվերով կձևավորվի այնպիսի իշխանություն, որը չի հանդուրժի կոռուպցիայի գոյությունը:
Այլ կերպ ասած՝ Հայաստանում անհրաժեշտ է նախևառաջ վերացնել քաղաքական կոռուպցիան, որի երկու կողմերում կանգնած են բացառապես հասարակության կոռումպացված հատվածն ու իշխանության նույն այդ հատվածը, որից հետո այս ոլորտում տեղի կունենա իսկական ԲԵԿՈՒՄ, ու երկիրը կսկսի շնչել…
Հետևաբար, քանի դեռ վերացված չէ քաղաքական կոռուպցիան, հայտնի սահմանմամբ կոռուպցիայի դեմ պայքարը կրելու է ձևական ու անշոշափելի բնույթ…
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից