ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ զբաղվել պատերազմում վիրավորված, սակայն հաշմանդամության կարգ չունեցող անձանց խնդիրներով։ Պապիկյանն այդ մասին ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
Պատգամավորը ներկայացրեց մի իրավիճակ, որին ականատես է եղել վերջերս մարզային այցելությունների ժամանակ Արարատի մարզում, սակայն շեշտեց, որ խնդիրը համակարգային է։
«Վերջերս ժամկետային զինծառայությունից վերադարձած Մանուկ Հովակիմյանը (ծառայել է Մատաղիսում) մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ու վնասվածք է ստացել։ Դիմել են առողջապահական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ թեժ գիծ, պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար վիրահատություն է անհրաժեշտ, որն արժի մինչև 1 մլն դրամ։ Պարզվել է նաև, որ առողջապահության նախարարությունը կամ պետությունն այդ մարդուն ու նրա նման բազմաթիվ հայրենակիցների որևէ աջակցություն չի ցուցաբերում»,– նշեց Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ խոսել է նաև ՊՆ սոցիալական առողջապահության վարչության պետի հետ, որն էլ հայտնել է` նման դեպքերը բազմաթիվ են։
Պապիկյանն ասաց, որ այդ անձի (Մանուկ Հովակիմյան – խմբ.) խնդրով կզբաղվեն, որպեսզի հասկանան, թե ինչ հետևանքի մասին է խոսքը, որ հաշմանդամության կարգ չի ստացել։ Նախարարի խոսքով` հնարավոր է վնասվածքը փոքր է կամ այնպիսին է, որ բժշկական միջամտությամբ հնարավոր կլինի չեզոքացնել։
«Անձամբ կզբաղվեմ դրանով։ Եթե հարցը համարում եք համակարգային, այսինքն` այն անձինք, որոնք խնդիրներ ունեն ու հաշմանդամության կարգ չունեն, կարող ենք միասին զբաղվել սրանով ու լուծում գտնել։ Չեմ կարծում, որ անլուծելի հարցեր են, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարը իրավասու է անհատական որոշումներ ընդունել»,– ասաց Պապիկյանը։
Նա նմանատիպ խնդիրներ ունեցող անձանց կոչ արեց դիմել ՊՆ։