Search
Close this search box.

Թե իրականում ումից պետք է պահանջել Հակոբ Հակոբյանի հրաժարականը

Հակոբ Հակոբյանին մանդատից զրկելու հայտարարությունների մասին խոսակցությունները մեծ թափ են հավաքում սոցիալական կայքերում՝ հիմք ունենալով պատգամավորի այն արտահայտությունը, թե թանկացումները, մեկ է, չեն ազդելու աղքատների վրա, որովհետև այսպես, թե այնպես նրանք միս չեն օգտագործում։ Տեսականորեն Հակոբյանը դասական սնոբին հատուկ այս լեքսիկոնով ոչ մի սխալ բան չի ասել, համենայն դեպս, չի ասել մի բան, որը կպարունակեր իրավական հիմք նրան գործից ազատելու համար, ուստի մնում է միայն քննարկել հարցի բարոյական կողմը, երբ իրեն նման արտահայտություն է թույլ տալիս այն երկրի պատգամավորը, որտեղ բնակչության  գրեթե 30 տոկոսը, պաշտոնական թվերով, աղքատ է։ Այսինքն՝ բնակչության ու իշխանության ներկայացուցչի միջև հսկայական անդունդը, որի մասին անընդհատ խոսվում է, տվյալ պատգամավորը ևս մեկ անգամ ի ցույց է դրել։

Ինչ պիտի անել այս դեպքում։ Հակոբ Հակոբյանի հրաժարականը պահանջելն, իհարկե, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Սակայն պետք է քննարկել, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Արդյո՞ք Հակոբյանը հրաժարական կտա միայն պահանջով։ Կարծում ենք՝ ոչ, որովհետև մենք ունեցել ենք նախադեպ, երբ պատգամավորը հրաժարական է տվել ոչ թե հանրային ճնշման, այլ բացառապես երկրի նախագահի հետ ունեցած իր հանդիպման արդյունքում (խոսքը Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին է): Հիմա ոմանք կպնդեն ու այդ հրաժարականը կվերագրեն որպես իրենց պայքարի արդյունքում ձեռքբերված հաջողություն, սակայն Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ հարցերը լուծվում են մեկ մարդու հետ պայմանավորվելով։

Հիմա ի՞նչ եմ ուզում սրանով ասեմ. կարծում եմ՝ ամեն դեպքում ավելի ճիշտ կլիներ կոչով դիմել հանրապետության նախագահին Հակոբ Հակոբյանին մանդատից զրկելու հույսով։ Ինքը՝ Հակոբյանն, իհարկե, մանդատից չի հրաժարվելու, որովհետև վերջինս համարում է, որ ամեն ինչ ճիշտ է արել։ Մենք էլ իրեն չենք կարողանալու ստիպել հրաժարվել, որովհետև չունենք այդքան ռեսուրս ու ազդեցություն, իսկ վերջինս էլ իր արտահայտությամբ ի ցույց դրեց, որ խիղճն իր համար չէ։ Հետևաբար, այս հարցով միակ մարդը, որ կարող է հարցին լուծում տալ ու մեզ ազատել նման ցինիկ, աննամուս պատգամավորներից, հանրապետության նախագահն է։

Գրիգոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL