Search
Close this search box.

Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, նրան են փոխանցվել ՀՀ դիտարկումները․ Արարատ Միրզոյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի հասցեին արված հայտարարությունն ուղղված էր ներքին լսարանին։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանաի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ Բելառուսի նախագահի հայտարարության մասին հարցին։ «Մեր խորին համոզմամբ՝ այդ ձևակերպումներն ուղղված էին՝ սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։ Վստահ կարող եք լինել, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- նշեց նախարարը։

Արարատ Միրզոյանը հաստատեց տեղեկությունը, որ մեր երկրում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան են փոխանցվել ՀՀ դիտարկումները։ «Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն ու դիտարկումներն այն մասին, որ երկու երկրների հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, միմյանց սուվերենությունը, ինչպես նաև այն իրավապայմանագրերը, որ մեր երկրների միջև կան»,- կարևորեց նա։

Արարատ Միրզոյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին՝ միջազգային տարբեր հարթակներում: Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնական Ասիայի այլ պետություններ։ Անդրադառնալով Հայաստանին՝ Լուկաշենկոն նշել էր․ «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։ ԱԳՆԱրարատ ՄիրզոյանԲելառուս

Please enter a valid URL