Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»:
Փաշինյանը բացատրեց, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: «Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- նշեց նա։
Վարչապետը վստահեցրեց, որ եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու։ «Առաջարկը, որը անում ենք, այնպես չէ, որ 100 տոկսով կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար. Նիկոլ Փաշինյանը մանրամանսեր հայտնեց հայելային հետքաշման գաղափարից»,-հավելեց կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու։ Անդրադառնալով հայ- ադրբեջանական սահմանին, նա արձանագրեց․ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ. ԱՊՀ ստեղծելու համաձայնագրով, որը վավերացվել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից այդ սահմանները ճանաչվել են։ Մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»։