«Օմիկրոնի» ախտանիշները երեխաների մոտ դրսևորվում են, որպես կանոն, վարակվելուց մի քանի օր անց, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի Գ. Ն.Գաբրիչևսկու անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական աշխատանքի գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Ռուժենցովան։
««Օմիկրոն»-ով վարակվելուց հետո ախտանշանները որպես կանոն ի հայտ են գալիս երկրորդ-երրորդ օրը, բայց կարող են արտահայտվել նաև ավելի ուշ, մինչև յոթերորդ օրն ընկած ժամանակահատվածում»,-ասել է նա։
Ռուժենցովան նշել է, որ ներկայումս ամենից հաճախ հիվանդանում են դպրոցականները, ինչպես 7-14, այնպես էլ 15-17 տարեկանների տարիքային խմբերում, ինչը պայմանավորված է նրանց ակտիվ շփումներով դպրոցում և դպրոցից դուրս։
Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ տղաներն ու աղջիկները նույն հաճախականությամբ են հիվանդանում կորոնավիրուսով, հիվանդության վտանգը կախված չէ սեռից:
Ավելի վաղ Ռուժենցովան պատմել էր, որ երեխաները հիմնականում «Օմիկրոն» վարակը թեթև են տանում, այն ծանր ընթացք է ունենում մեկից էլ պակաս տոկոսի մոտ, իսկ հիվանդանոց տեղափոխում են ընդամենը երեք տոկոսին։
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հունվարի վերջին հայտնել էր, որ երեխաները «օմիկրոնով» 2,5 անգամ ավելի հաճախ են վարակվում, քան մյուս շտամներով:
«Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսի այս տարբերակը հաճախ ազդում է երեխայի բրոնխների վրա, ինչը կարող է հոսպիտալացում պահանջել:
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը կամ B.1.1.529-ը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում, 2021-ի նոյեմբերին։ Այս տարատեսակը հայտնաբերվել է արդեն 142 երկրում։ Այն նախորդ՝ «Դելտա» շտամից ավելի արագ է տարածվում և գերակշռող է դառնում։