Պուտինը եւ Մակրոնը Մոսկվայում խոսել են նաեւ Արցախի խնդրի մասին։ «Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հումանիտար և սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրների լուծման գործում», ասել է Պուտինը Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Իր հերթին Մակրոնն ասել է, որ «բանակցությունների ընթացքում արծարծվել են մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը»։
Ոչ մի խոսք քաղաքական կարգավորման մասին: Մինսկի խմբի համանախագահները որոշ ժամանակից ի վեր, երբ Երեւանն իր անվերապահ հավատարմությունը հայտնեց եռակողմ ձեւաչափին, դադարել են խոսել Արցախի կարգավիճակի, ուժի չկիրառման սկզբունքի և տարածքային ամբողջականության մասին։ Դրանց մասին չի խոսում նաեւ Հայաստանը․ ՀՀ ԱԳՆ-ն, երկրորդելով Մոսկվայի ու Բաքվի պնդումները, հայտարարում է ՄԽ-ում հումանիտար խնդիրների քննարկման առաջնահերթության մասին։ Հայաստանի իշխանությունը ականջալուր չեղավ Մակրոնի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու կոչերին։
Ֆրանսիան, որի Սենատը 2020 թվականի աշնանը ընդունել է Արցախը ճանաչելու և 1994 թվականի շփման գծին վերադառնալու անհրաժեշտության մասին բանաձևը, դադարել է պնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների մասին։ Շատերի համար անհասկանալի է Հայաստանի դիրքորոշումը, որը հրաժարվում է առաջ մղել հրատապ շահերը՝ սպասարկելով ռուս-թուրքական «խաղաղության» օրակարգը։
Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան Անն Լուիոն ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր խոսել Արցախի կարգավիճակի մասին։ Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը սակայն չէր խուսափում բաց խոսակցությունից։ «Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին։ Այսպիսով, նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընդամենը մի փուլ է, այժմ պետք է ամրապնդել խաղաղությունը, հրադադարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո քաղաքական գործընթաց սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև», ասել էր դեսպան Լաքոթը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Պուտինի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նաև իր, Հայաստանի վարչապետի, Բաքվի ղեկավարի ու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի մասնակցությամբ կայացած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին։ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների վերսկսման մասին չի խոսվել։ Հայաստանը դա չի էլ պահանջում։
lragir.am