Search
Close this search box.

Արցախի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել

Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է այն ակնհայտ փաստը, որ ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային ժառանգությանը լիակատար ոչնչացման կամ պատմական արմատներից անջատվելու իրական վտանգ է սպառնում:

Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի կողմից պատմության կեղծումն ու մշակութային ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ կանոնավոր կերպով իրականացվող ավելի լայն հակահայկական քաղաքականության մաս են կազմում: Եթե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում պատմության և մշակույթի հետ մեքենայությունները ծառայում էին որպես արդարացում նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայկական բնակչության բռնի տեղահանման համար, ապա հիմա դրանք միտված են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ուժի ապօրինի կիրառման արդյունքների օրինականացմանը:

Ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ Ադրբեջանում հայկական ներկայության ոչնչացումը պատմության կեղծման, հայկական մշակութային կոթողների ոչնչացման և բնիկ տեղանունների անվանափոխման միջոցով, ըստ էության, Ադրբեջանի ագրեսիայի շարունակումն է այլ մեթոդներով:

Միջազգային հանրությունում և փորձագիտական շրջանակներում հստակ համոզմունք կա, որ մշակութային կոթողների ոչնչացումը ոտնձգություն է ժողովուրդների արժանապատվության, արժեքների և կատարելատիպերի նկատմամբ, որի նպատակն է քայքայել ազգի՝ պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու ունակությունը: Հայկական պատմությանը և մշակույթին պատերազմ հայտարարելով՝ Ադրբեջանը հենց այդ նպատակն է հետապնդում:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը ոչ միայն Արցախի ժողովրդին իր իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի իրավունքից զրկելու փորձ է, այլև՝ մարտահրավեր միջազգային հանրության համար և սպառնալիք խաղաղությանը և անվտանգությանը: Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի, արձագանքելով հակամարտությունների ընթացքում մշակութային կոթողների դիտավորյալ ոչնչացման հաճախակի դարձած դեպքերին, մշակել է դիրքորոշում, ըստ որի՝ մշակութային օբյեկտների ոչնչացումը պատերազմական հանցագործություն է և հավասարեցվում է ահաբեկչական գործողություններին:

Ադրբեջանում հատուկ հանձնաժողովի ստեղծումը, որը կփոխակերպի հայկական մշակութային և կրոնական կոթողները՝ դրանց հետագա յուրացմամբ, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշման կոպիտ խախտում է: Դրանք պաշտոնական Բաքվից պահանջում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով: Որոշումը պարտադիր ուժ ունի Ադրբեջանի համար: Բաքվի հրաժարումը կատարել այն ցուցադրում է Բաքվի մտադրությունը խափանել, թեկուզև տեղային մակարդակով, միջազգային հարաբերությունների համակարգը, որն ապահովում է միջազգային խաղաղություն և անվտանգություն:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կազմակերպություններին անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Բաքվին կատարել իր միջազգային պարտավորությունները՝ պահպանելով և հարգելով հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, և լիարժեք կերպով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների կիրառման մասին որոշումը:

Please enter a valid URL