Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։ Այս պահին Արարատի մարզի ոստիկանապետ Ս. Ռուստամյանի կարգադրությամբ Արարատի մարզի տարածքային բաժիններում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ պարզելու համար դիակի ինքնությունը։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։