Քաղաքացիները փակել են Մարտունի–Վարդենիս ճանապարհը եւ պահանջում են Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին նորից պետք է մեկ ամիս անց համայնքապետ ընտրի: