Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները:
Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:
Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։
Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը:
Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով:
Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը:
Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:
Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն: