Մեծ դժվարությամբ եմ դարձել ՀՀ, այնուհետև Եվրոպայի չեմպիոն, քանի որ 44-օրյա պատերազմի մասնակից էի, ժամկետային զինծառայող՝ «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է 2021թ. մայիսին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն Դավիթ Հովսեփյանը:
«Եվրոպայի առաջնության ժամանակ երեք հաղթանակ եմ տարել, հասել եզրափակիչ: Չորրորդ մրցակիցս ադրբեջանցի էր: Ադրբեջանցիները մեծ թիմով էին եկել «Շուշա» գրությամբ շապիկներով, երգերով: Իմ մրցակցիս եղբայրը Շուշի էր «սատկել» ու նա որոշել էր ինձ հաղթել ու այդ շապիկով կանգնել պատվո պատվանդանին: Այդ ամեն ինչն իմանալով՝ ավելի պարտավորված եմ զգացել հաղթել, ու հաղթել եմ»,- նշել է երիտասարդ մարզիկը:
Նա շատ է մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնությունների ու ադրբեջանցի մրցակիցների էլ էր հաղթել: «Նախկինում մեր կողքով գլուխները ցած էին անցնում, բայց պատերազմից հետո իրենց շատ լկտի են պահում, ուզում են անպայման ընդհարում սարքեն: Ճիշտ է, ես Եվրոպայի չեմպիոն դառնալու համար եմ գնացել, բայց ինձ համար դա երկրորդական դարձավ, որովհետև մրցակիցս ադրբեջանցի էր և պատերազմից հետո պիտի հաղթեի: Պատերազմից հետո Արցախից առաջին մեդալն էր: Դա մեծ պատիվ էր ու պարտավորվածություն»,- ասում է Դավիթը:
Դավիթը 2019թ. ամռանն էր զորակոչվել, պատերազմին մասնակցել է առաջին օրերից: «Հադրութի մոտակայքում շատ ընկերներ, հարազատներ եմ կորցրել: Մրցումների ժամանակ ու հիմա էլ այդ կրակոցները, զոհերը աչքիս առաջ են: Պիտի կամքի մեծ ուժ լիներ նորից առաջնություններին մասնակցելու համար, բայց ես իմ մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ մեծ ճանապարհ եմ անցել հոգեբանորեն»,- նշում է մարզիկը:
Շուշիում ծնված և մեծացած Դավիթն այնտեղ է թողել նաև իր մեդալները, պատվոգրերը. ներկայումս Ստեփանակերտում տատիկի տանն են ապրում: Իր խոսքով՝ հիմա ավելի քրտնաջան են պարապում՝ այն հույսով, որ մի օր հաղթելու ենք և Շուշին մերն է լինելու: