Բաքուն և Անկարան վավերացրել են այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը», որը փորձագետները գնահատել են ոչ միայն որպես «կանաչ լույս» Արցախում թուրքական բազաների տեղակայման համար, այլև Թուրքիայի կողմից Ադրբեջանը կլանելու ևս մեկ ակտ։ Հայաստանը ձևացրել է, թե չի նկատում, արձագանք չկա Մոսկվայի կողմից, որն այս տարածքները համարում է «ՀԱՊԿ-ի և ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքը»։ Արցախի խորհրդարանը շրջանառության մեջ է դրել «Բռնազավթված տարածքների մասին» օրենքը։
«Ադրբեջանը բարձր է գնահատում Թուրքիայի Հանրապետության բարոյական և քաղաքական աջակցությունը 30-ամյա հայկական ագրեսիան կասեցնելու, օկուպացված հողերի ազատագրման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում»,- ասվում է հռչակագրում։ Հռչակագիրը, ինչպես նաեւ Բաքվի հայտարարությունները հաստատում են, որ չկա ադրբեջանական բանակ, կա թուրքական բանակի առանձին կորպուս։
Անկարան և Բաքուն փորձում են օրինականացնել այն, ինչ գողացել են հայ ժողովրդից այս 100 տարվա ընթացքում։ Հռչակագրում Թուրքիայի դեմ Հայաստանի պահանջները, «պատմությունը խեղաթյուրելու փորձերը» անհիմն են որակվում, հատկապես՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ:
Ալիեւը Բաքվում «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ ժողով է հրավիրել՝ փորձելով գնել Եվրոպայի ճանաչումը։ Մակրոնի, Միշելի, Փաշինյանի և Ալիևի տեսակոնֆերանսը Բաքվում հաջողված է գնահատվել. ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ալիևին հաջողվել է հասնել նրան, որ Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումը ամփոփիչ հաղորդագրության մեջ չհիշատակվի։ Հայաստանը չի առարկել:
Փաշինյանն իր «խաղաղության դարաշրջանով» սատարում է Ալիևի քաղաքական կուրսը` ճանաչելով Բաքվի իրավունքները, այդ թվում ուժի կիրառման, և որպես բանակցությունների նախապայման չառաջարկելով Մինսկի գործընթացի վերսկսումը։ Այս մասին Երեւան ժամանած Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը ստիպված է եղել բաց տեքստով հայտարարել։
Արարատ Միրզոյանի երկչոտ ակնարկը, թե «եթե կարելի է հարցեր լուծել ուժով, ուրեմն սա դուռ է բացում նաև մյուսների առաջ», լուրջ չէ հայկական կողմից իրավունքների ու պահանջների բացակայության ֆոնին։ Այլապես, Թուրքիայի խորհրդարանում «Շուշիի հռչակագրի» վավերացումը պաշտոնական Երեւանի համար լուրջ խաղաքարտ կդառնար։
lragir.am