Search
Close this search box.

Պատգամավորի աները խոչընդոտում է մաեստրո Գրիգորիչի հուղարկավորությանը. պանթեոնում տեղ չկա՞

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան բոթը ցնցել է ողջ երկիրը: Թերեւս չի գտնվի մի հայ, ով Արթուր Գրիգորիչի մահը չսգա, չափսոսի նրա կորուստը: Բայց պարզվում է` նրա հուղարկավորության հարցը դարձել է իսկական քաոս, որը բացահայտում է իշխանության կառավարման անկարողությունը:

Բայց այս հրապարակումը ոչ թե նպատակ ունի քաղաքականացնելու մասետրոյի հուղարկավորության հարցը, այլ ներկայացնելու այն իրականությունը, որում ապրում ենք:
ArmLur.am-ի թղթակիցը գտնվում է Գրիգորիչի հոգեհանգստի վայրում և քննարկվող թեման ուղղակի ցնցող էր. պարզվում է՝ քաղաքային պանթեոնում, որտեղ ամփոփվում են հիմնականում մտավորականների աճյունները, մի հատվածը «սեփականատեր» ունի: Նա Հայրապետյան եղբայրներից է (ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի աները), որը արգելել է Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Կարեն Դեմիրճյանի այրի՝ Ռիմա Դեմիրճյանի կողքին` պնդելով, որ այդ կանաչապատ տարածքն իրենցն է եւ որեւէ մեկը չի կարող պանթեոնի այդ հատվածում որեւէ մեկին հուղարկավորել` անկախ նրանից մահացածը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, ժողովրդական արտիստ, թե ցանկացած ոք:

Ինչպես հայտնի է, ստեղծվել է ՀՀ կառավարական հանձնաժողով, որը պետք է զբաղվի Գրիգորիչի հուղարկավորության հարցերով. հանձնաժողովի նախագահը Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, տեղակալը` ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Սակայն նրանք անզոր են լուծել խնդիրը. Խզմալյանն անգամ նիստին չի մասնակցել:
ArmLur.am-ին Գրիգորիչի սաները տեղեկացրեցին, որ պանթեոնի մի հատվածի տնօրինող ներկայացած Հայրապետյանը անգամ սպառնացել է քաղաքային իշխանությանը, որ եթե փորձեն որեւէ մեկին հուղարկավորել իրենց մշակած «գազոնի» հատվածում, ապա… Քանի որ պարզ չէ. Երեւանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, թե Տիգրան Ավինյանը, ապա պետք է արձանագրել, որ նրանք երկուսով էլ չեն կարողանում այս հարցը կարգավորել: Պանթեոնի կառավարումը քաղաքային իշխանության ենթակայության տակ է:
Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անգամ խոստացել օգնել, սակայն մշակութային գործիչները մնացել են միայնակ այս խնդրի հետ:

Ահա այսպես շուտով կսկսվի մասետրո Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը, սակայն դեռ նրա հուղարկավորության վայրը անհայտ է: Եւ ստացվում է, որ քաղաքային պանթեոնում Գրիգորիչի համար տեղ չկա: Այլ պանթեոն էլ` չունենք:

Հ․ Գ․ ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել նաև Հայրապետյանների հետ, բայց ոչ մի կերպ չկարողացանք նրանց գտնել։ Պատրաստ ենք լսել նրանց տեսակետը ևս։

Please enter a valid URL