Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կինը` Էմինե Էրդողանը, վարակվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով։ Տեղեկությունը Էրդողանը հայտնել է Twitter–ի իր միկրոբլոգում։
«Թեթև ախտանշաններից հետո ես ու կինս Covid-19 թեստ հանձնեցինք, պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, մեզ մոտ թեթև տեսակն է, որը հայտնի է «Օմիկրոն» անվանումով»,– գրել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ ինքն ու կինը կմեկուսանան տանը, բայց կշարունակեն աշխատել հեռավար։
«Մենք անհամբեր սպասում ենք ձեր աղոթքներին»,– եզրափակել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք` Էրդողանը նոր է վերադարձել Ուկրաինայից, ուր պաշտոնական այցով մեկնել էր փետրվարի 3-ին։ Կիևում նա հանդիպում էր ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։