2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Սոֆիայում տեղի կունենա Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային – լոգիստիկ միջանցքի գործարկման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիին։
Նրա խոսքով՝ այդ ժամկետին պատրաստ կլինի ստորագրման համաձայնագրի տեքստը։
«Ոչ պաշտոնական նախապատրաստում է ընթանում Թեհրանում և այլ համապատասխան մայրաքաղաքներում համաձայնագրի մասնակից երկրների դեսպանների հետ, այնպես որ, Աստված կտա, շուտով մենք կտեսնենք կարևոր տրանսպորտային միջանցքի ի հայտ գալը տարբեր երթուղիներով՝ տարածաշրջանի երկրների և արտաքին աշխարհի միջև առևտուրը հեշտացնելու համար»,-հավելել է Սաֆարին:
Նա տեղեկացրել է, որ Պարսից ծոց – Սև ծով միջանցքի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև:
Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Իրանի առևտրի աջակցման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյման-Պակը հայտարարել էր առևտրային միջանցքների հնարավորություններն առավելագույնս օգտագործելու ծրագրերի մասին: Այն երկրներից մեկը, որտեղ պետք է ընդլայնվի Իրանի արտահանումը՝ Ռուսաստանը։
«Մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանին փոխարինելու տարբերակները»,-նշել է նա:
Ալիռեզա Փեյման-Պակի խոսքով, Հայաստանի տարածքից դեպի Վրաստան երթուղին կավարտվի մեկ ամսվա ընթացքում: