Search
Close this search box.

Եվրամիությունը կատարեց Ալիեւի պահանջը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ փետրվարի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։

Նույն օրը Բաքվում հանդիպում է տեղի ունեցել Հարավային գազային միջանցքի վերաբերյալ, որով ադրբեջանական գազը պետք է տեղափոխվի Եվրոպա՝ որպես ռուսական գազի այլընտրանք։ Հանդիպման ընթացքում հայտնի է դարձել, որ Եվրամիությունը Ադրբեջանին կտրամադրի 2 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ։ Այս մասին հայտարարել է Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։ Վարհելին հայտարարել է նաև ԵՄ-ի պատրաստակամության մասին՝ մասնակցելու «Ադրբեջանում վերականգնման և վերակառուցման գործընթացին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Եվրամիությունը Հայաստանին 2,6 մլրդ եվրո է հատկացնելու։ Ալիեւն այս կապակցությամբ դժգոհել էր՝ պահանջելով ԵՄ-ից համարժեք միջոցներ հատկացնել նաեւ Բաքվին։

Եվ ահա, ԵՄ-ն կատարում է այդ պահանջը։ Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Բաքուն սկսեց դիտարկվել որպես ԵՄ «վստահելի գազային գործընկեր», իսկ ավելի վաղ Բրյուսելում ձեռք բերված Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները հայտնվեցին տապալման եզրին: Հայաստանը հայտարարել է, որ Բաքուն մերժել է «սահմանազատման համար պայմաններ ստեղծելու» (զորքերի հայելային հետքաշում) և հաղորդակցությունների ապաշրջափակման առաջարկները։

Ռուսաստանի փոխվարչապետը և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենը ժամանել են Երևան եւ, դատելով Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքից, նոր ճանապարհների կառուցման ֆինանսավորումը պատվիրակվել է Ռուսաստանին։

Նույն օրը Ավստրիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան և մի շարք կարևոր հայտարարություններ արել։ Նա մասնավորապես ակնարկել է ԵԱՀԿ-ի հետ աշխատելու հարցում Հայաստանի պասիվությունը։ Ազդարարվել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։ Ընդգծվել է նաեւ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցի անհրաժեշտությունը»։

Միաժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Մեհդի Սաֆարին հիշեցրել է, որ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև «Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համաձայնագրի» կնքման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Նա հավելել է, որ «Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլին և մայիսին նախատեսվում է անցկացնել բանակցությունների վեցերորդ փուլը, որից հետո համաձայնագրի տեքստը պատրաստ կլինի ստորագրման»։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն պատրաստ էր միջոցներ հատկացնել Սյունիքի մարզում Հյուսիս-Հարավ մայրուղու հիմնական հատվածի կառուցման համար։ Բաքուն փող է գտել ճանապարհ կառուցելու համար, որն այնտեղ անվանում են «Զանգեզուրի միջանցք»։
lragir.am

Please enter a valid URL