«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թոմվասյանը գրում է.
Դիմել եմ Եվրոպական երկրների դեսպաններին և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությանը՝ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող մտահոգություններով:
Գրությունների մեջ Եվրոպական երկրների դեսպանների, ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ուշադրությունն եմ հրավիրել մեր երկրի դատական համակարգում ստեղծված խորը ճգնաժամի վրա, որն ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ: Մասնավորապես՝ վերջին շրջանում մեր երկրում բազմիցս արձանագրվել են իշխանությունների կողմից դատական մարմինների նկատմամբ ոտնձգությունների աղաղակող փաստեր, այդ թվում՝ իրենց համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների, քրեական հետապնդումների դեպքեր, այժմ արդեն, մասնագետների պնդմամբ, դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է մեկնարկել: Խոսքը վերաբերում է սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալուն:
Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը (որն ամբողջովին ունի քաղաքական ենթատեքստ) քննող դատավորն է, ով մերժել է նրան կալանավորելու մասին դատախազության միջնորդությունը։
Տարվող ապօրինի գործընթացի դեմ իրենց արդարացի բողոքն ու ընդվզումն են հայտնել Հայաստանի հանրապետության դատական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ , սակայն միջազգային հանրությունը դեռևս լուռ է:
Այս համատեքստում հատկապես ընդգծել եմ այն փաստը, որ տեղի ունեցողը անթույլատրելի նախադեպ է դատական պրակտիկայում, որևէ միջազգային իրավական ակտով, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ հոդվածով, արդար դատաքննության իրավունքի՝ քաղաքացիաիրավական հայեցակետով սահմանված չէ, որ դատավորին կարելի է դատել իրականացրած որոշման, այն է՝ կայացրած վճռի համար։ Ավելին՝ Հայաստանի Հանրապետության մայր օրենքով՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանվում է, որ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»:
Պետք է արձանագրենք, որ սա բացահայտ ոտնձգություն է դատարանների անկախ գործունեության նկատմամբ և մեծ մտահոգության և հիասթափության առիթ։ Այն, նախ և առաջ, առնչվում է մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության հիմքերի խախտմանը: Նմանատիպ գործողությունները որևէ առնչություն չունեն ժողովրդավարական ինստիտուտների գործարկման և կայացման հետ, այլ ուղղակիորեն վկայում են երկրում առկա քաղաքական խնդիրների և խորը ճգնաժամի մասին:
Գնահատելով իրավիճակը և կանխատեսելով հնարավոր հետևանքները մեր նորանկախ պետության համար, ինչպես նաև, առաջնորդվելով ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների պահպանման` միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած մեր պետության պարտավորություններով` Եվրոպական երկրների դեսպաններից և ԵԽ մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինությունից ակնկալում եմ արդարացի արձագանք և համապատասխան օբյեկտիվ գնահատական ստեղծված իրավիճակին։