Search
Close this search box.

«Շատ հիասթափեցնող է». Գոհար Ավետիսյանի շուրջ նոր սկանդալ է ծավալվել

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին մեղադրում են խարդախության մեջ և անգամ նրա դեմ բողոք են ներկայացրել Ռոսպոտրեբնադզոր։

Ինչպես հայտնում է Super.ru կայքը, 2021 թվականին Ավետիսյանը դիմահարդարման առցանց ուսուցման դասընթաց է բացել, սակայն ապագա դիմահարդարներն այդպես էլ բան չեն սովորել, քանի որ դասընթացը պարբերաբար հետաձգվել է։ Կազմակերպիչը հրաժարվել է վերադարձնել դասընթացին գրանցվածների վճարած գումարները, նրանք էլ որոշել են դիմել դատարան։

Խաբված հաճախորդների թվում է եղել նաև դիմահարդար Քսենյա Աբաշևան։ Նա «Beauty Special 2.0» դասընթացի համար վճարել է դեռ նոյեմբերին։ Առաջարկված 4 կուրսից, որոնց արժեքը տատանվում է 21-139 հազար ռուբլու սահմաններում՝ կախված դասերի քանակից, աղջիկն ընտրել է 69 900 ռուբլի արժեցող «Ուսուցիչ» դասընթացը, վճարել է, բայց այդպես էլ չի վերապատրաստվել։

«Սկզբում մեկնարկը հայտարարված էր դեկտեմբերի 1-ին էր, հետո տեղափոխվեց հունվարի 1–ին, հունվարի 23-ին, փետրվարի 1–ին։ Սպասեցի, սպասեցի, արդեն փետրվարի 1-ն էր, բայց ծրագիրը դեռ անհասանելի էր: Հիմա էլ ասում են` պարապմունքները փետրվարի 23-ից են սկսվելու,– պատմել է Աբաշևան, – նա իմ կուռքն էր, ես ձգտում էի մասնակցել նրա մարաթոններին, ինչ-որ բան հաղթել։ Ես ուզում էի բացել իմ սեփական դպրոցը։ Բայց մինչ դասընթացը հետաձգվում էր, ես դա արեցի առանց Գոհարի։ Ուստի նրա առաջարկն ինձ այլևս պետք չէ»։

Հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհաջող փորձերից հետո Քսենյան դիմել է փաստաբանին։ Այս պահին նա արդեն նախաքննական հայց է ներկայացրել ու բողոք Ռոսպոտրեբնադզորին։
Ավետիսյանը Instagram–ում հայտնել է, որ ինքը կապ է հաստատել Աբաշևայի հետ, և նա ոչ մի բողոք չունի։ Իր դեմ գրված հոդվածն էլ դիմահարդարը համարում է այն, որ մերժել է հարցազրույց տալ հիշյալ կայքին։

«Ինձ ցավ է պատճառում, որ այսքան տարի աշխատում ես, ստեղծում քո անունը և հնարավորինս ազնիվ ես լինում, ինչ-որ աղմուկի վրա փորձում ես նսեմացնել քո անունը»,- ասել է Գոհարը:

Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջնակն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Գոհարը հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Նա դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Please enter a valid URL